logo.png
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)

Հետադարձ կապ    |  Էլ.փոստ

Տպել PDF

Հարգելի հայրենակիցներ,

 

Ագրոպարենային բնագավառում Հայաստան-Սփյուռք գործակցության խնդիրներն ու զարգացման հեռանկարները միասնաբար քննարկելու և համատեղ լուծումներ գտնելու, գյուղատնտեսության բնագավառում հայկական ներուժի հաշվառման, ներդրումների խրախուսման, գործարար կապերի ստեղծման ու ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի գյուղական վայրերի զարգացման և խթանման նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 14-16-ը Երևանում կազմակերպվելու է <<Հայագրոֆորում>> միջազգային համաժողովը:

Հուսով ենք, որ համաժողովը կստեղծի վստահության մթնոլորտ, որի արդյունքում Հայաստանի և Սփյուռքի ֆերմերները կկարողանան հաղորդակցվել միմյանց հետ, փոխանակել ծրագրեր և օգնել կիրառելու լավագույն փորձը իրենց պատմական  Հայրենիքում: Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր օգնել հայ գյուղացուն, պահպանել հայկական բազմաթիվ գյուղատնտեսական մթերքների յուրօրինակությունը, ընդլայնել գյուղատնտեսական մթերքների արտադրության և արտահանման ծավալները:

Համաժողովի շրջանակներում կազմակերպվելու են մասնագիտական քննարկումներ, ծավալվելու է երկխոսություն, նախանշվելու են համատեղ գործելու ոլորտները: Արդյունքում ստեղծվելու է ագրոպարենային բնագավառի գործարարների և ֆերմերների համահայկական ընկերակցություն:

Հարկ է նշել, որ Հայաստանի անկախության 20-ամյա պատմության ընթացքում` առաջին անգամ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի  21-ի  N538-Ն որոշմամբ, յուրաքանչյուր տարի հոկտեմբեր  ամսվա երրորդ կիրակի օրը նշվելու է որպես <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական աշխատողի օր>>, որն այս տարի համընկնում է համաժողովի անցկացման հետ: Տոնի շրջանակներում  մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում անցկացվելու են տարբեր միջոցառումներ, տոնավաճառներ, բերքի տոներ:

Հայաստանի Հանրապետությունը ստեղծում է անհրաժեշտ պայմաններ ագրոպարենային ոլորտում արդյունավետ և շահավետ ներդրումներ կատարելու, ինչպես նաև տարածաշրջանում նոր շուկաներ ձեռք բերելու համար: Շուտով մայրաքաղաքի <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանի բեռնահամալիրում գործելու է ազատ առևտրի գոտին, որն ակներևաբար կխթանի Հայաստանի բարձրորակ բանջարեղենը և անուշահամ մրգերը թարմ վիճակով արտահանելու գործընթացը:

Զարգացման  լայն հեռանկարներ են առկա նաև անասնաբուծության, ձկնաբուծության, վերամշակող արդյունաբերության, հատկապես` կաթնամթերքի, գինիների, պահածոների, հյութերի արտադրության բնագավառներում:

Հրավիրելով Ձեզ մասնակցելու <<Հայագրոֆորում>> համաժողովին` լիահույս ենք, որ համախմբելով մեր հնարավորություններն ու կարողությունները, միասնաբար, համատեղ ջանքերով կարող ենք լուծել մեր երկրի գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրները և նպաստել ագրոպարենային  համալիրի հզորացմանը:

Վստահ ենք, որ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում` հաջողությունն երաշխավորված է և մենք կարող ենք միասնաբար մեր չնաշխարհիկ Հայաստանը դարձնել բերքի ու բարիքի  Հայրենիք:

          

Սիրով սպասում ենք Ձեզ Մայր Հայաստանում:

 

Համաժողովի անցկացման  մասին տեղեկություններ կարելի է ստանալ  www.armagroforum.am պաշտոնական վեբ-կայքից:

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

templates joomla 1.5